Ռուբինյան իշխանություն

Հայաստանից դուրս ստեղծված հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը: 1080 թ. հայ իշխան Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան: Նա ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբենին հաջորդեց նրա որդի Կոստանդինը (1095–1100 թթ.): Այսպես նորաստեղծ հայկական իշխանության շրջանակներում լուծվեց քաղաքական կարևորագույն մի խնդիր՝ գահաժառանգության հարցը: 1098 թ. Կոստանդինը բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի ամենանշանավոր՝ Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:  Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ինչպես Բյուզանդիան, այնպես էլ սելջուկները: Կոստանդինը ստիպված էր պայքարել երկու թշնամիների դեմ: Սակայն խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով նրանց ուշադրությունը շեղեց Կիլիկիայից: Դա հնարավորություն տվեց հայերին ամրապնդելու և ընդարձակելու նորաստեղծ իշխանությունը: Խաչակիրների հետ սկսեցին համագործակցել Կիլիկիայում հաստատված հայ իշխանները: Սակայն խաչակիրների և հայերի փոխհարաբերությունները միշտ չէ, որ բարեկամական էին:

Leave a comment