Հյուսիսի բնության հետքերով…

Այս անգամ ճանապարհները մեզ Լոռի տարան, էն Լոռին, որի մասին բազում առասպելներ ու բանաստեղծություններ կան գրված, որի վանքերն ու փողոցներն առանց մեզ դատարկ էին: Հեռուն տանող ճամփեքի մեջ կյանք ու սեր կա: Մինչև ինքներդ չճամփորդեք, էս խոսքերս չեք հասկանա լիովին, չնայած հասկանալն էլ քիչ է՝ զգալ ու ապրել է պետք: Ագահորեն շնչել լեռներից փչող սառը օդը, զրույցի բռնկվել Դեբեդի հետ ու ուղղակի վայելել պահերը, որոնք վայրկյանների ընթացքում անցյալ են դառնում: Խորհրդավոր լեռների շքեղ գեղեցկության մեջ կատարյալ լռություն էր տիրում։ Ես կրկին անգամ համոզվեցի, որ բնությունը չի սիրում, ավելի ճիշտ սովոր չէ մարդկանց։ Ալավերդիում ցավոք, բայց մեռած էր կյանքը, չկար քաղաքներին բնորոշ աղմուկն ու շարժը, ու կարծես հենց այդ պատճառով էր բնությունն այստեղ հաստատվել։Ամայի ու մեռած վայրերը կյանքով լցնողը հենց մենք ենք: Մեր օրերն անվերադարձ ու առանց ավելորդ հարցերի են գնում: Ապրում ենք ու դրանք գույներով լցնում: Գունավոր, թե՞ մռայլ երանգներ կտանք կյանքին՝ յուրաքանչյուրիցս է կախված: Երբեմն ուղղակի շեղվել է պետք բնականոն հունից ու իրոք ապրել: Ճամփորդելով ես իմ օրերը գունավորում եմ, կյանքով ու էներգիայով լցնում: Ուղղակի գտեք մարդանց, որոնց հետ ոչ թե ուղղակի ճանապարհ կանցնեք, այլ կապրեք այն, ու կտեսնեք, թե իրականում ինչ սիրուն ա կյանքը…